Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Իսկ որտե՞ղ կա այս անիծյալ հողագնդի վրա հայի համար խաղաղ անկյուն

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Իսկ որտե՞ղ կա այս անիծյալ հողագնդի վրա հայի համար խաղաղ անկյուն
01.04.2014 | 16:00

Քեսաբցու համար տագնապած՝ առաջարկում եք լքել ծննդավայրն ու գալ Հայաստան, համոզված, թե միակ ապահով անկյունն աշխարհում այստեղ է: Վստա՞հ եք, որ ճիշտ խորհուրդ եք տալիս: Եթե իրողությունը դա է, ինչո՞ւ են հազար֊-հազարներով հեռանում այստեղից, որոնց մեջ ձեր հարազատներն էլ են: Եթե եկան, ձեր հարկի ներքո տեղ կտա՞ք, կօգնե՞ք ազատագրված տարածքներում բնավորվեն, կբռնե՞ք կառավարության, տզրուկ իշխանավորների կոկորդից՝ պարտադրելով վերադարձնել յուրացրած միլիարդները, որպեսզի ի շահ հայրենիքի ամրակայման գործադրվեն: Համոզվա՞ծ եք, որ վաղը այս հողը ևս կրակից չի այրվելու: Ասենք՝ նրանք եկան, իսկ Սպահանի, Թավրիզի, Թեհրանի, Լիբանանի, Պոլսի, հենց Թիֆլիսի, Ջավախքի ու Ռուսաստանի հայությա՞նն ինչ եք առաջարկում, նրա՞նք էլ գան: Խոսքը նոր գնացածների մասին չէ, այլ հարյուրամյակներով ապրողների: Քեսաբը շրջակա հայաբնակ գյուղերով ինչո՞վ նույն Մուսալեռը չէ, ուրեմն, նախորդ հարյուրամյակից առաջ ու սկզբին իզո՞ւր էին կռվում Զեյթունն ու Հաճընը, մուսալեռցիք: Ձեր տրամաբանությամբ, Կիլիկիան վաղո՜ւց հայրենիք չէր, և պիտի վաղու՜ց փախած լինեին: Քսան թվականին կարող էր Հայաստանի սահմանը չներառել Գյումրին, Շիրակի հարթավայրն ու Թալինը, Բաթումի պայմանագրով մեզ թողնվածն ընդամենը տասը հազար քառ․ կմ էր, ի՞նչ, այնտեղ ապրողները և՞ս լքեին հող հայրենին: Ձեզ համար հեշտ է, բայց հիշեք՝ այնտեղ նրանց հիշատակներն են, նախնյաց շիրիմներն են, թողեք, թող իրենք որոշեն, իսկ դուք այս ափաչափ հողին կառչած մնացեք, շենացրեք, եթե կարող եք, ընդարձակեք, եթե կարող եք, պինդ բռնեք հեռացողի ձեռքը, որպեսզի չհեռանա, եթե կարող եք, ոչ թե ականջին փսփսացեք՝ մի բան արա, ես էլ գամ:
Իսկ գիտե՞ք մայր բնօրրանից վտարված հայությունն ինչու ծվարեց արաբական երկրներում, Իրանում, Հունաստանում, Բուլղարիայում, Կովկասում, Կիպրոսում՝ հայրենիքին մոտ, հայրենիքը բոլորած, որպեսզի, երբ պահը գա, հնար լինի, վերադառնա: Այդ հույսով, հավատով, ապրեց, դեռ ապրում է, իսկ դուք ասում եք՝ հեռացիր, լքիր, այնտեղ հեռանկար չկա: Իսկ որտե՞ղ կա այս անիծյալ հողագնդի վրա հայի համար խաղաղ անկյուն:

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ